Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Քաղաքականապես վնասակար հանդիպում՝ ԱՄՆ-Բելառուս շփումների ակտիվացման համատեքստում

Քաղաքականապես վնասակար հանդիպում՝ ԱՄՆ-Բելառուս շփումների ակտիվացման համատեքստում
02.11.2025 | 20:51

Օրերս Փարիզում Փաշինյանի հանդիպումը բելառուսական ընդդիմության «առաջնորդ» Տիխանովսկայայի հետ վկայում է Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակական մարգինալացման մասին։ Այդ քայլը զուրկ է աշխարհաքաղաքական հաշվարկից և որևէ համակարգային տրամաբանությունից՝ ավելի շուտ հանդես գալով որպես արևմտյան օրակարգում ներգրավվելու փորձ՝ առանց որևէ բովանդակային արդյունքի:

Նախ՝ Տիխանովսկայան վաղուց վերածվել է արևմտյան քաղաքական տեխնոլոգիաների գործիքի՝ «ժողովրդավարական արժեքների» դրոշի ներքո Մինսկի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Նրա հետ հանդիպումը ոչ միայն անիմաստ է, այլև քաղաքականապես վնասակար՝ հատկապես այն պայմաններում, երբ Վաշինգտոն-Մինսկ երկխոսությունը սկսել է վերականգնվել՝ դուրս գալով սառեցման փուլի շրջանակներից։

Վերջին ամիսներին նկատվում է զգալի ակտիվացում ԱՄՆ-Բելառուս շփումներում։ Բեկումնային դարձավ օգոստոսի 15-ին Թրամփի և Լուկաշենկոյի միջև կայացած հեռախոսազրույցը, որի ընթացքում ամերիկյան նախագահը անվանեց Լուկաշենկոյին «Բելառուսի խորապես հարգված նախագահ» և շնորհակալություն հայտնեց նրան 16 քաղբանտարկյալների ազատ արձակման համար։ Այս քայլը փաստացի դարձավ Վաշինգտոնի կողմից Լուկաշենկոյի լեգիտիմության ճանաչման ակնարկ՝ այն բանից հետո, երբ 2020-ից ի վեր ԱՄՆ-ը խուսափում էր նման բառապաշարից։

Այնուհետև Թրամփը բնութագրեց Լուկաշենկոյին որպես «հզոր առաջնորդ»-ի և ուղարկեց նրան խորհրդանշական նվեր՝ Սպիտակ տան պատկերով ճարմանդներ: Այդ քայլը, թեև արարողական բնույթի էր, սակայն դիվանագիտական ենթատեքստով հստակ ազդակ էր Մինսկին՝ Վաշինգտոնի պատրաստակամության մասին՝ վերականգնելու քաղաքական շփումների մակարդակը և վերանայելու հարաբերությունների սառեցման քաղաքականությունը։ Մամուլի տվյալներով, այժմ Վաշինգտոնում քննարկվում է Մինսկում ԱՄՆ դեսպանատան վերաբացման հարցը:

Ամերիկյան կողմի նման ուղերձները Մինսկում ընկալվեցին որպես ազդանշան նոր «մեծ գործարքի» հնարավորության մասին։ Լուկաշենկոն, իր հերթին, հայտարարեց, որ «ժամանակն է մշակել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների երկարաժամկետ ալգորիթմ»: Ընդ որում, պետք չէ բացառել, որ Մինսկի հետ երկխոսության ակտիվացման կենտրոնական նպատակներից է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման նոր խողովակի ձևավորումը:

Եվ այն ընթացքում, երբ Վաշինգտոնը փորձում է վերականգնել աշխատանքային հարաբերությունները գործող բելառուսական իշխանությունների հետ՝ իր ազդեցությունը պոստ-սովետում ամրապնդելու հաշվարկով, ՀՀ վարչապետը շտապում է լուսանկարվել մի գործչի հետ, որի քաղաքական կապիտալը արևմտյան կենտրոններում այլևս սպառված է։

Երևանը հաճախ է հպարտությամբ խոսում Վաշինգտոնի հետ ռազմավարական երկխոսության մասին՝ այն ներկայացնելով որպես արտաքին քաղաքական մեծ ձեռքբերում։

Սակայն նման քայլերը՝ Վաշինգտոնի կողմից գրեթե մոռացված ընդդիմադիր գործիչների հետ հանդիպումները, ինչպես նաև ԱՄՆ-ի իրական առաջնահերթությունների անտեսումը, փաստացի խարխլում են հենց այդ երկխոսության հիմքերը։

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ